İçeriğe geçmek için "Enter"a basın

Արվեստաբան. Պոլսահայ համայնքը լուրջ մարտահրավերների ու խնդիրների առջև է կանգնած

Գայանե Դանիելյան
«Պոլիսը մոտ և հեռու». ահա այս խորագրով արվեստաբան, նկարիչ Լևոն Լաճիկյանի անհատական ցուցահանդեսն էր վերջերս բացվել Ստամբուլում՝ ստամբուլահայ համայնքի նախաձեռնությամբ:  Ցուցահանդեսում ներկայացված են մի քանի տասնյակ գծանկարներ, որոնք պատկերում են հին ու նոր Պոլիսները: Արվեստագետը իր հոգու թելադրանքով փորձել է ներկայացնել Պոլսո հայկական այն թաղամասերը, պատմամշակութային շենք-շինությունները, որոնք մեծ արժեք են ներկայացնում ոչ միայն պոլսահայերի, այլև հայկական պատմությունն ու մշակույթը իմացող յուրաքանչյուր մարդու համար, որը քաջատեղյակ է, թե ինչ դեր է խաղացել Ստամբուլը՝ Պոլիսը, ողջ հայության համար, և որտեղ, ինչպես Լևոն Լաճիկյանն է բնորոշում, արևմտահայության վերջին հատվածն է պահպանվել մինչև մեր օրերը:

«Ազատության» հետ զրույցում Լաճիկյանը շեշտեց, որ իր այցելությունը Թուրքիա շատ մտորումների տեղիք է տվել, կարևոր եզրահանգումներ է արել նաև, որ պետք է հնարավորինս ակտիվացնել Հայաստանի մշակութային ներկայացումն այդ քաղաքում, ճանաչելի դարձնել Հայաստանի մշակութային ձեռքբերումները ոչ միայն պոլսահայի, այլև հենց թուրքական ժամանակակից հանրության համար, հատկապես՝ երիտասարդության:
«Նախ՝ տեսա մեր նվազած հայ համայնքը, որովհետև, եթե հարյուր տարի առաջ Պոլիսն ուներ 600 հազար բնակիչ ու մեկ քառորդը հայեր էին, ապա այսօր 18 միլիոնանոց մեգապոլիս է դարձել, երբ որ հայերի թիվը նվազել է 50 հազարի, ու այստեղ խնդիր է, թե ինչպե՞ս կարողանա այդ նվազած հայ համայնքը տեր կանգնել ամբողջ մշակութային ժառանգությանը: Իսկ որ Պոլիսը եղել է մեկը հայոց մշակութային մայրաքաղաքներից, դա հանրածանոթ ու աշխարհածանոթ է», – ասաց արվեստաբանը:
Իհարկե, Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց շատ բան է փոխվել այդ քաղաքում հենց արևմտահայության մի փոքր պահպանված հատվածի համար: Բարեբախտաբար, ինչպես շեշտեց արվեստաբանը, այս տարիների ընթացքում պոլսահայը էլի մեծ անհատականություններ է տվել աշխարհին: «Շատ արժանապատիվ կարողանում է կենսունակությունը պահել՝ նկատի ունենալով, որ թե՛ գրականության մեջ, թե՛ լուսանկարչության և նկարչության մեջ ունենք երևելի դեմքեր, և այլն, և այլն», – ասաց Լաճիկյանը:
Եվ չնայած այս ամենին, պոլսահայ համայնքը լուրջ մարտահրավերների ու խնդիրների առջև է կանգնած, համոզված է Լևոն Լաճիկյանը: «Որովհետև որքան էլ որ վարժարանների թիվը տպավորիչ է՝ 16 վարժարան, բայց աշակերտության թիվն է նվազել, և ամենավատն այն է, որ նահանջել է հայերենը», – ասաց արվեստաբանը:
«Ազատության» հարցին, թե արտագաղթը շա՞տ է համայնքից, արվեստաբանը պատասխանեց. – «Նախ՝ սկսեմ այնտեղից, որ խորապես մոլորություն է Պոլիսը համարել սփյուռք ու պոլսահայությանը դիտել որպես սփյուռքահայ, որովհետև պոլսահայությունն արդեն ինքն իր Սփյուռքն ունի ամբողջ աշխարհում, և մենք ավելի վաղ անցյալ ունենք, ավելի երկար ներկայություն Պոլսում, քան իրենք՝ թուրքերը: Այս առումով, մենք պետք է ուշադրություն դարձնենք այս հարցի վրա ու չմոտենանք որպես սովորական ինչ-որ սփյուռքահայ համայնքի: Երկրորդ հանգամանքը, որ կա, ինչպես նշեցի, մարտահրավերները՝ խառն ամուսնություններ, հայերենի նահանջ: Ի՞նչ պետք է արվի. հիմա վերջին շրջանում աշխուժացել են պոլսահայ մշակութային խմբերը, բայց շատ քիչ են Հայաստանից գնացողները Թուրքիա: Ես գտնում եմ, որ այսօրվա պայմաններում մենք պետք է մշակութային գրոհ կազմակերպենք Թուրքիայի վրա՝ մեր երևելի արվեստագետներին ուղարկելով, լավագույն խմբերը, ազնիվ, տոհմիկ երգչախմբեր և այլն, որպեսզի մեր ազնվական դիմագիծը ներկայացնենք Թուրքիայում, ինչո՞ւ՝ առնվազն երկու նպատակի համար. առաջին՝ թուրք նոր սերնդին ճանաչելի կդառնանք մենք՝ որպես ազնվական դիմագիծ ունեցող, որովհետև մեզ լավ չեն ճանաչում մանավանդ նոր սերունդը, և երկրորդը՝ ազգային գիտակցության զորեղ լիցքեր կհաղորդենք հենց Պոլսո հայ երիտասարդությանը, որպեսզի կապերը կարողանանք ամրապնդել: Դա պետք է արվի առաջինը մշակութային ճանապարհով», – ասաց Լաճիկյանը:
Նրա խոսքով, պոլսահայությանը կորցնել՝ նշանակում է արևմտահայության այդ ողջ ժառանգությունը կորցնել: «Այսօր չպետք է սպասենք քաղաքական հարաբերությունների հաստատմանը, մենք պետք է կարողանանք մշակութային դաշտի վրա, մշակութային ճանապարհով հարաբերումները շատացնել, մինչև կգա քաղաքական հարաբերությունների հաստատման օրը», – ասաց արվեստաբանը:

Yorumlar kapatıldı.