İçeriğe geçmek için "Enter"a basın

«Մեծ ոգևորությամբ և սրտի թրթիռով եմ վերադարձել տուն». Սիբիլ

Նյու Ջերսիում կայացած ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանի և պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգի արձագանքները շարունակվում են: Այս անգամ «Հայերն այսօրի» հետ իր տպավորություններով է կիսվել սիրված երգչուհի Սիբիլը.

«Նյու Յորքի Bergen Performing Arts Center-ում հազարից ավելի հանդիսատեսի ներկայությամբ կայացած համերգը շատ ջերմ և լավ մթնոլորտում անցավ, որին առանձնահատուկ փայլ հաղորդեցին Համազգայինի Արեգա երգչախումբը և Նաիրի պարախումբը: Իսկ հանդիսատեսն իր ջերմ ծափողջույններով և շնորհավորանքներով ուրախացրեց ինձ: 2012 թվականին էի ԱՄՆ-ում ելույթ ունեցել՝ CARS հանձնախմբի կազմակերպմամբ: Երեք տարի անց Համազգայինի կողմից ստացած այս առաջարկը մեծ երջանկություն պարգևեց ինձ»:
Երեկոյի ընթացքում Սիբիլի կատարմամբ հնչել են «Սիբիլ» և «Սեր» ալբոմներից ընտրված երգեր, ինչպես նաև հայրենասիրական մի քանի կատարումներ:
Համերգին հաջորդող օրերին Սիբիլը և Նունե Եսայանը մի շարք հանդիպումներ են ունեցել.
«Համազգայինի մի քանի անդամների հետ Նունե Եսայանը և ես այցելեցինք Հովնանյան վարժարան, զրուցեցինք դպրոցի աշակերտների, տնօրենի և ուսուցիչների հետ: Այցելեցինք աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի արվեստանոց. վերջինս մեզ շատ ջերմ ընդունեց: Այնուհետև գնացինք Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճար, որի շրջաբակում տեղադրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քանդակը, որի հեղինակը Մայքլ Արամն է: Ծանոթացանք Գերշ. Տ. Սիմեոն Ծ. Վրդ. Օդաբաշյանի հետ:
Այցելեցինք նաև Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի Առաջնորդարան, որտեղ մեզ հյուրընկալեցին Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը և Առաջնորդական Փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան եպիսկոպոս Դանիելյանը։
Հնարավորություն ունեցա նաև ծանոթանալու Համազգայինի խմբի անդամների հետ: Շատ հաճելի էր ամեն ինչ»:
Սիբիլը նաև հավելեց, որ հանդիպումների ընթացքում խոսվել են նաև ապագա ծրագրերի մասին.
«Ես մեծ ոգևորությամբ և սրտի թրթիռով եմ վերադարձել տուն: Անչափ հուզված էի սիրալիր և անկեղծ վերաբերմունքից»:
Հավելենք, որ համերգը կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության և Համազգային հայ կրթական և մշակութային միության ԱՄՆ-ի Արևելյան շրջանային վարչության և Նյու Ջերսիի և Նյու Յորքի մասնաճյուղերի աջակցությամբ:
 Սիբիլ1 Սիբիլ2 Սիբիլ3 Սիբիլ4

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: