İçeriğe geçmek için "Enter"a basın

Ինչպես թուրք երգչուհին սիրահարվեց հայկական երգերին ու որոշեց բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության մասին

«Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ հայ ընկերներ». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը, ով Երեւան է ժամանել համերգային ծրագրով։ Երգչուհին պատմեց, որ ուսանող տարիներին շատ հայ ընկերներ է ունեցել, որոնց միջոցով ծանոթացել է հայկական երգերին։

«Իմ սովորելու տարիներին ծանոթացել եմ շատ հայերի հետ։ Նրանցից մեկը՝ Գեւորգ Դավիդյանը, այժմ Ստամբուլի պետական օպերային թատրոնի տնօրենն է։ Նրա հետ փոքրիկ երգչախումբ էինք հիմնել եւ հայերեն երգեր էինք կատարում Ծննդյան տոներին։ Հենց այդ ժամանակվանից  ես սիրահարվեցի հայկական երգերին»,-ասաց նա՝ հավելելով, որ տարբեր առիթների միշտ էլ Թուրքիայում կատարել է հայկական երգեր եւ դրա համար արժանացել թե’ գովասանքի, թե’ վատ արձագանքների։ «Բայց ես դրանց ուշադրություն չեմ դարձնում»,-հավելեց երգչուհին՝ նշելով նաեւ, որ ընդունում  է Հայոց Ցեղասպանությունը եւ կարեւորում այդ առումով քննարկումները։
«Ես մեծացել եմ Գերմանիայում եւ դաստիարակվել այնտեղի կառավարության ոգով, որն ընդունում է ցեղասպանությունները։ Ես իմ նպատակն եմ համարում բարձրաձայնել այս մասին, որպեսզի մեր երկրները համագործակցեն իրար հետ։ Պետք է լինենք ճշմարտության կողմը»,-ասաց երգչուհին։
Ի դեպ, Լեման Շտեհնը չի բացառում, որ գուցե հայկական արյուն կա իր մեջ։ «Ես 47 տարեկան եմ, եւ միայն երկու օր առաջ եմ իմացել, որ իմ նախապապերի մեջ քրիստոնյա կա։ Միգուցե նա հայ է եղել, չգիտեմ, բայց ամեն դեպքում, ես թուրք եմ, թեեւ երգում եմ քրիստոնեկանան երգեր եկեղեցում եւ մանկուց մեծացել եմ քրիստոնյա հարեւանների շրջապատում»։
Հանդիպման վերջում թուրք երգչուհին լրագրողների համար կատարեց «Սարի աղջիկ» երգը։
Հավելենք, որ սեպտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաղարան» համույթի եւ Գերմանիայից հրավիրված, ազգությամբ թուրք երգչուհի  Լեման Շռտեհնի եւ Սիլվա Ֆարմազյանի համատեղ համերգը։
Շուշան Շատիկյան
– See more at: http://style.news.am/arm/news/24997/inchpes-turq-ergchuhin-siraharvec-haykakan-ergerin-u-oroshec-bardzradzaynel-hayoc-cexaspanutyan-masin.html#sthash.gDtf11fz.rST7o3mI.dpuf

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: