İçeriğe geçmek için "Enter"a basın

Մուսա լեռան 40 օրը. Մաս վերջին

Մուսալեռցիների հետագա ճակատագիրը դրամատիկ էր: Պորտ Սայիդում նրանք ստիպված էին վրանաբնակ կյանք վարել՝ ընդհուպ մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը…

2015-ի օգոստոս-սեպտեմբերին լրացավ 1915 թվականի սակավաթիվ լուսավոր դրվագներից մեկի՝ Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակը: Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 14-ին, Մուսա լեռան վերջին հերոս պաշտպանների տարհանվելուց հետո ֆրանսիական հինգ նավ ուղղություն վերցրին դեպի Պորտ Սայիդ: Հերոսամարտի 100-ամյակին նվիրված շարքով PanARMENIAN.Net-ն անդրադարձավ բոլոր կարևոր իրադարձություններին և առանցքային գործիչներին: Ներկայացնում ենք շարքի վերջին՝ չորրորդ մասը:

14 սեպտեմբերի 2015

PanARMENIAN.Net – Հղումներով կարող եք կարդալ հոդվածաշարի առաջիներկրորդ և երրորդմասերը:

Սեպտեմբերի սկզբին Մուսա լեռան հերոս պաշտպանները, շարունակելով վստահորեն պաշտպանել իրենց դիրքերը, այդուհանդերձ ավելի էին հակվում մտքին, որ առանց ծովից Անտանտի երկրների կողմից օգնություն ստանալու երկար չեն կարող պայքարը շարունակել, մանավանդ որ շուտով կարող էր զգացվել պարենի և զինամթերքի պակասի խնդիրը: Սեպտեմբերի 2-ին առաջին անգամ հորիզոնում հայտնված նավն ավելի ամրապնդեց այդ հույսերը: Ավաղ, նավը, չնկատելով հայերի օգնության դրոշակները, արագ հեռացավ:

Սեպտեմբերի 5-ը շրջադարձային էր Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության պատմության մեջ: Հերոսամարտի տարեգիրներից Հ․ Պուրսալյանի վկայությամբ՝ կենտրոնական զորանոցի մերձակա բլրի վրա մատուցվող կիրակնօրյա պատարագի ավարտին ժողովուրդը երգում էր՝ «Ազգիս հայոց ազատություն․․․», քիչ անց հորիզոնում մի նոր մարտանավ երևաց։ Հայերը, փրկության հույսով խանդավառված, թափահարում էին ազդանշանային դրոշակները, և դա նկատելով՝ նավը մոտեցավ լեռանը:

Պարզվեց՝ Միջերկրականի այդ մասերում պարեկություն կատարող ֆրանսիական «Գիշեն» հածանավն էր, որը մակույկներ մոտեցրեց ափին՝ պարզելու իրավիճակը: Մի քանի մուսալեռցի պարեկներ՝ ֆրանսերեն իմացող Խաչեր Դումանյանի առաջնորդությամբ, ընդառաջ լողալով հասան նավակներին ու նավ բարձրանալով՝ նավապետ Բրիսոնին ներկայացրին իրադրությունն ու փոխանցեցին անգլերեն աղերսագիրը: Նավապետը, իր հիացմունքը հայտնելով հայերի հերոսության վերաբերյալ, խոստացավ աղերսագիրը ներկայացնել իրավասու ուժերին և ութ օրվա ընթացքում պատասխանել։ Հայերի խնդրանքով ֆանսիացիները նրանց նաև արճիճ տվեցին՝ զինամթերք պատրաստելու համար։

Միաժամանակ նավապետ Բրիսոնը Պետրոս Տմլաքյանի տեղեկության հիման վրա և իր անձնական պատասխանատվությամբ նավը խարսխելուց երկու ժամ անց հրամայեց հրետակոծել Քեբուսիե գյուղի եկեղեցում տեղակայված թուրքերի զինապահեստը, այնուհետև «Գիշեն»-ը մուսալեռցիների աջակցությամբ լռեցրեց նաև ծովեզերքից ֆրանսիացիների նավակների վրա կրակող թուրք զինվորներին։ Դա ոչ միայն նյութական ու մարդկային զգալի վնաս հասցրեց, այլև հոգեբանորեն բացասական խորը տպավորություն թողեց թուրքերի վրա։

«Գիշեն» ռազմանավի անակնկալ հայտնվելը և և հայերին ցուցաբերած նախնական օգնությունը թուրքերին հարկադրեց շտապել՝ վերջնականապես հաշվեհարդար տեսնելու հայերի հետ։ Նրանց հատկապես մտահոգում էր, որ Միջերկրականի այդ շրջանում Անտանտը կարող էր հայերի միջոցով ու աջակցությամբ հենակետ ստեղծել ընդդեմ Օսմանյան կայսրության։ Իրավիճակը վերահսկելու նպատակով սեպտեմբերի 7-ին թուրքերը նոր և ուժեղ հարձակում գործեցին Մուսա լեռան վրա։ Կռիվը տևեց մինչև երեկո։ Ֆրանսիական նավի ներկայությունը հոգեբանական դրական մեծ ազդեցություն թողեց հայերի վրա, որոնք հերոսական խանդավառությամբ, երգելով ու միմյանց հետ կատակելով, անկորուստ հետ մղեցին թուրքերի բոլոր գրոհները։

Սեպտեմբերի 8-ին «Գիշենի» հետ միասին Մուսա լեռան շրջակա ծովածոց՝ «Փրկության նավահանգիստ», հասավ ֆրանսիական նավատորմի «Դեզեքս» հածանավը, իսկ քիչ անց նաև՝ հրամանատարական «Ժաննա դ’Արկ»-ը: Մուսալեռցիների պատվիրակությունը՝ Տիգրան Անդրեասյանի գլխավորությամբ, «Ժաննա դ’Արկ»-ի վրա հանդիպեց ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆունեին և ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունն ու իրենց ինքնապաշտպանության ընթացքը: «Դեզեքս»-ի վրա ծառայող հայազգի ծովասպա Տիրան (Շառլ) Թեքեյանի վկայությամբ՝ ծովակալը մեծ հուզումով էր լսում հայերին և խոստանում հնարավորինս օգնել, իրադրության մասին տեղեկացնել ֆրանսիական կառավարությանը:

Միաժամանակ նա հանձնարարեց մուսալեռցիներին ճշգրտել ու նավապետ Բրիսոնին ներկայացնել իրենց թվաքանակը: Հեռանալով Մուսա լեռան շրջակա ծովածոցից՝ Դարտիժ դյու Ֆուրնիեն «Դեզեքս»-ի նավապետ կապիտան Վերգոսին կարգադրեց ղեկավարել առաջիկա հավանական գործողությունները և համապատասխան ցուցումներ տվեց:

Թուրքերն իրենց կրած վերջին պարտությունից հետո դեռևս չէին հուսահատվել։ Նրանք, օգնական նոր ուժեր ստանալով, նախապատրաստվում էին ընդհանուր հարձակման՝ նախքան այդ, սակայն, փորձելով խորամանկել։ Սեպտեմբերի 9-ին թուրքական հրամանատարությունը 3 նամակ ուղարկեց մուսալեռցիներին և առաջարկեց հանձնել զենքերը՝ խոստանալով ոչ մեկին ձեռք չտալ, հակառակ դեպքում սպառնում էին ոչնչացնել հայերին։ Պատասխանի համար 24 ժամ տրվեց, բայց ընդամենը մի քանի ժամից արդեն թուրքերը 3 ուղղությամբ խոշոր հարձակում գործեցին Մուսա լեռան վրա։ Հայերը դարձյալ հերոսությամբ դիմադրեցին, և յոթժամյա մարտը՝ այս անգամ վերջինը Մուսա լեռան հերոսամարտում, դարձյալ ավարտվեց թուրքերի ամոթալի պարտությամբ ու փախուստով…

Սեպտեմբերի 9-ի երեկոյան՝ թեժ մարտի պահին, «Դեզեքս»-ի նավապետը, խորհրդակցելով Տիրան Թեքեյանի հետ, թուրքերի հարձակման մասին շտապ տեղեկացրեց նավատորմի հրամանատարին՝ ընդգծելով, որ հատկապես կանանց ու երեխաների կյանքին անխուսափելի վտանգ է սպառնում։ Հաջորդ օրն առավոտյան հրաման տրվեց հայերին օգնելու համար անհապեղ դիմել բոլոր հնարավոր միջոցներին, հարկ եղած դեպքում կազմակերպել նրանց տարհանումը։

«Գիշեն» և «Դեզեքս» ռազմանավերը, մուսալեռցիների ներկայացուցիչների օգնությամբ նախապես թուրքերի դիրքերը ճշգրտելուց հետո, սկսեցին հրետակոծել Սուեդիայի թուրքական զորանոցը, կառավարչատունը, Քեբուսիե և Գապագլը գյուղերի թուրքական դիրքերը՝ մեծ վնաս հասցնելով նրանց ու հարկադրելով լեղապատառ փախչել։ Մուսալեռցիները, իրենց հերթին, միացան հարձակմանը և թուրքերին դուրս շպրտեցին իրենց դիրքերից։ Նույն օրը երեկոյան հայերին հաղորդվեց, որ ֆրանսիական կառավարությունը մերժել է զենքով հայերին օգնելու առաջարկը, բայց պատրաստ է բոլորին անվտանգ տեղափոխել Եգիպտոս։ Այդ լուրը միանշանակ չընդունվեց հայերի կողմից․ մի կողմից ուրախ էին, որ վերջապես իրենց և ընտանիքների ֆիզիկական անվտանգությունն ապահովված է, սակայն նաև մինչև վերջին պահը հույս ունեին դաշնակիցների ռազմական աջակցությամբ ամրապնդել իրենց պաշտպանությունն ու մինչև վերջ պայքարել հայրենի հողում, որի ազատության համար 18 մուսալեռցի իր կյանքն էր զոհել․․․

Սեպտեմբերի 11-ի երեկոյան՝ նախազգուշական բոլոր միջոցները ձեռնարկելուց հետո, որոշվեց սկսել Մուսա լեռան հայերի տարհանումը։ Ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի կարգադրությամբ Տիրան Թեքեյանը զբաղվում էր նախապատրաստական հարցերով։ Մուսալեռցիների մեծ մասն արդեն իրենց ունեցվածքով և անասուններով սկսել էր խմբել ափերի մոտ՝ սպասելով փոխադրվելու բարենպաստ ժամին։ Սեպտեմբերի 12-ի վաղ առավոտյան Տիրան Թեքեյանը «Դեզեքս» նավից ափ իջավ ու անմիջապես սկսեց մուսալեռցիների տարհանումը։ Հայերին արգելված էր հագուստից բացի այլ իրեր վերցնել իրենց հետ։ Մուսալեռցիները հարկադրված եղան թշնամու ձեռքը չթողնելու համար վերացնել նաև իրենց տնային կենդանիներին ու մնացած գույքը։ Ամբողջ օրվա ընթացքում ֆրանսիացի նավաստիների, ինչպես նաև մուսալեռցի Գևորդ Տարագճյանի ու Սարգիս Տըգանյանի օգնությամբ մոտ 3.000 մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ ու ծերունիներ, փոխադրվեց ֆրանսիական նավերի վրա։

Սեպտեմբերի 13-ին շարունակվեց մուսալեռցիների տարհանումը: Ֆրանսիական «Գիշեն», «Դեզեքս», «Ամիրալ Շարնե», «դ’Էստրե» և «Ֆուդր» նավեր բարձրացան նաև մնացած խաղաղ բնակիչները՝ հիմնականում զենք չկրող տղամարդիկ, իսկ լեռան պաշտպանների մեծ մասը դեռևս մնում էր իր դիրքերում՝ պահպանելու հեռացողների անվտանգությունը: Հաջորդ օրը Մուսա լեռան ինքնապաշտպանության մասնակիցների տարահանումն արդեն ավարտված էր։ Ամենավերջում իրենց դիրքերը թողեցին ու նավ բարձրացան հերոսամարտի քաջարի պաշտպանները:

«Մուսա լեռան 40 օրը» քանդակը, հեղինակ՝ Խորեն Տեր-Հարության

Հայերի տարհանման գործում անգնահատելի է հատկապես ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի դերը: Նա դեռևս սեպտեմբերի 10-ին տեղեկացավ մուսալեռցի հայերի հետագա ճակատագրի վերաբերյալ ֆրանսիական կառավարության ու բարձր հրամանատարության անտարբերության մասին, որը ծովակալի՝ հայերի դրությանը վերաբերող վերջին զեկուցմանն ի պատասխան ընդամենը հարցրել էր՝ «Որտե՞ղ է Մուսա լեռը»: Դյու Ֆուրնեն այնուհետև իր անձնական պատասխանատվությամբ ու ջանքերով փորձեց հայերին տեղափոխել Կիպրոս, սակայն կղզու անգլիական իշխանությունների պատրաստակամության բացակայության հետևանքով նա այդ հարցով դիմեց Եգիպտոսի կառավարչին, որի համաձայնությամբ էլ մուսալեռցիները՝ 4058 հոգի, տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սայիդ նավահանգիստ:

Մուսալեռցիների հետագա ճակատագիրը դրամատիկ էր: Պորտ Սայիդում նրանք ստիպված էին վրանաբնակ կյանք վարել՝ ընդհուպ մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը։ Իսկ մինչև այդ մուսալեռցի մարտիկների մեծ մասը, անդամագրվելով ֆրանսիական բանակին, Արևելյան լեգեոնի կազմում շարունակում էր պայքարը թուրք ջարդարարների դեմ՝ 1918-ի վերջին մասնակցելով նաև Կիլիկիայի ազատագրմանը։ Առաջին աշխարհամարտից հետո Սիրիան, որի տարածքում էր Սուեդիան իր հայկական գյուղերով, անցավ Ֆրանսիային՝ որպես մանդատային տարածք, և բոլոր մուսալեռցիները 1919-ի հուլիս-նոյեմբերին հայրենիք վերադարձան: Ցավոք, 1939-ի հունիսի 23-ին կնքված համաձայնագրով Ֆրանսիան Ալեքսանդրետի գավառը, որի կազմում էր Սուեդիան, հանձնեց Թուրքիային: Մուսալեռցիները, հրաժարվելով մնալ թուրքական տիրապետության տակ, հարկադրված գաղթեցին ու մի քանի հանգրվաններից հետո վերջնականապես հաստատվեցին Լիբանանում՝ հիմնելով իրենց Այնճար ծաղկուն գյուղը։ 1946-1947 թթ. այնճարցիների մի զգալի մասը՝ ավելի քան 650 ընտանիք, ներգաղթեց Խորհրդային Հայաստան:

Նախագծում օգտագործված աղբյուրներն են՝

• Տիգրան Անդրեասյան, Զեյթունի անձնատվությունը և Սուեդիո ինքնապաշտպանությունը, Կահիրե 1915

• Հաբեթ Իսկենդերյան, Սուեդիո ապստամբությունը, Կահիրե, 1915

• Հովհաննես Պուրսալյան, Մուսա լեռան հերոսամարտը, Այնճար, 2004

• Շառլ-Տիրան Թեքեյան, Մուսա լեռան հայերի փրկությունը, Ե., 2002

• «Հուշամատյան Մուսա լեռան», Բեյրութ, 1970

• Աշոտ Ներսիսյան, Մովսես Տեր Գալուստյան, Ե., 2011

Շնորհակալություն ենք հայտնում Մուսա լեռան ազգագրության և հերոսամարտի պատմության թանգարանին և տնօրեն Դավիթ Սարգսյանին՝ նախագծին ցուցաբերած աջակցության համար:

Կարդացեք նաև՝ Մուսա լեռան 40 օրը. Մաս I

Մուսա լեռան 40 օրը.Մաս II

Մուսա լեռան 40 օրը. Մաս III

http://www.panarmenian.net/arm/details/197353/

İlk yorum yapan siz olun

Bir Cevap Yazın

%d blogcu bunu beğendi: