İçeriğe geçmek için "Enter"a basın

Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը ցանկանում է Հայաստանն ավելի լավ ճանաչել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա իր գեղեցիկ ձայնով և հայ երգի յուրօրինակ կատարումներով կարողացավ նվաճել շատ ու շատ ազգերի` հատկապես թուրքերի սրտերը:

Հայաստանում էլ տաղանդավոր ստամբուլահայ երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն շատ երկրպագուներ ունի, ովքեր անհամբերությամբ են սպասում նրա հետ հանդիպմանը: Այս անգամ երգչուհին Հայաստանում էր` կրկին հանդես գալու Համահայկական խաղերի բացմանը:Արմենպրեսը Սիբիլ Բեկթորոսօղլուի հետ զրուցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալի, երաժշտության ու երգի, արմատների և այլ հարցերի շուրջ:


Սիբիլը` Համահայկական խաղերի մասին

Համահայկական 6-րդ խաղերի առիթով եմ եկել Հայաստան, հրավեր ստացա Համահայկական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանից և օգոստոսի 2-ին ելույթ ունեցա Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: 5-րդ համահայկական խաղերին էլ եմ մասնակցել. դա իմ երկրորդ այցելությունն էր Հայաստան, հետո ավելի հաճախ սկսեցի գալ:

Հայաստանում շատ վայրեր կցանկանայի տեսնել

Հայաստան գալս վազվզոցի մեջ է անցնում, առիթ չեմ ունենում պտտվելու: Երանի~ մի օր գամ միայն պտտվելու համար, այլ ոչ գործով: Շատ տեղեր կան, որտեղ չեմ եղել, չեմ տեսել, բայց կցանկանայի լինել:

ՀՀ Նախագահի պարգևի` Երախտագիտություն շքանշանի մասին

Ինձ համար շատ մեծ անակնկալ եղավ, քանի որ չէի սպասում այս պարգևին: Շատ ուրախացա, անշուշտ, ոգևորիչ են այս մրցանակները, մեդալները: Դրանք ուրախացնում են և քաջալերում ինձ:
Մայրիկիս կողմը Սիվասից և Թոքատից են, հորս կողմը բոլորը ստամբուլահայ են: Մեծ եղեռնի հետևանքով, դժբախտաբար, զոհեր եղել են մեր գերդաստանում: Մեծ մայրս ամբողջ ընտանիքն է կորցրել:

Հայրս ինձ եկեղեցի էր տանում
Ամեն կիրակի ինձ ձեռքից բռնում էր և եկեղեցի տանում: Կարող եմ ասել` եկեղեցու մեջ եմ մեծացել, այդ մեղեդիներով եմ մեծացել: Եղել եմ երգչախմբի անդամ, շատ տարիներ երգել եմ երգչախմբում, բայց ավելի շատ առանձին երգել եմ սիրում: Երգչախմբի մեջ ջանացի իմ սերը հագեցնել հայկական երգերով:

Հայրիկը ստիպում էր հայերեն խոսե

Հայրիկը տանը պահանջում էր հայերեն խոսել, ուստի ստիպված էինք մեր տանը հայերեն խոսել, իսկ եթե չխոսեինք` կռիվ կլիներ, կբարկանար (ծիծաղում է): Այդ շրջանում մի քիչ հակառակվում էի, չէ ցանկանում, բարկանում էի հորս վրա, բայց հիմա շնորհակալություն եմ հայտնում, որ իր շնորհիվ, իմ ընտանիքի շնորհիվ լավ հայերեն գիտեմ: Միայն 5 տարի եմ կարողացել հայկական վարժարան գնալ, եթե մեր տանը հայերեն չխոսեինք, ես այսքան սահուն և մաքուր չէի կարողանա խոսել:

Երգչուհին բանկ ում է աշխատում

Աշխատում եմ բանկում: Ներդրումային բանկ է. աստղային ամեն ինչ պետք է թողնեմ և երկուշաբթի աշխատանքի գնամ: Գործընկերներս շատ լավ են վերաբերում ինձ, երբեմն մրցանակաբաշխություններից վերադառնալիս, երբ կարմիր գորգերով եմ քայլում, կատակով ասում են` Սիբիլ, կներես այստեղի գորգերը կարմիր չեն: Երբ նույն վերելակի մեջ ենք լինում, կատակում են՝ ասելով` աստղի հետ ենք: Բայց ես հասարակ և նորմալ կյանքով եմ ապրում:

Թուրքիայում Սիբիլն առաջիններից էր, ում հայերեն ստեղծագործությունները ներկայացվեցին հանրությանը
Շատ մեծ անակնկալ էր, մանավանդ պետական հեռուստատեսությամբ ցուցադրությունները: Թուրքիայի պետական հեռուստատեսությամբ այս անգամ ևս պետք է հնչի 8 հայերեն երգ, ծրագիրը սեպտեմբերին պետք է ցույց տան:
…Թուրքիայում հաղորդավարները երաժշտական ծրագրերից մեկի ժամանակ ասացին` ինչո՞ւ Սիբիլը չգնա Եվրատեսիլ և Թուրքիան չներկայացնի: Նման խոսակցություն եղավ, բայց պաշտոնական հրավեր չէր: Չգիտեմ, այդքան հեշտ չէ, որ նման մրցույթի հայ ուղարկեն Թուրքիայից:

Շառլ Ազնավուրին տեսնելու և նրա հետ երգելու երազանքի մասին

Չգիտեմ, երբ կիրականացնեմ այդ երազանքը: Անիի ավերակներում երգելու իմ երազանքը վերջերս կատարվեց՝ շնորհիվ համահայկական կոմիտեի ու Իշխան Զաքարյանի: Մեկը պետք է, որ ինձ ծանոթացնի Ազնավուրի հետ:
Շատ երազանքներ ունեմ, ամենամեծ երազանքներիցս մեկն այն է, որ համաշխարհային երգչուհի դառնամ, օտարներն էլ ավելի շատ լսեն ինձ, չնայած, իհարկե, կան օտարազգիներ, որ ինձ լսում են:

Ծրագրեր, նորություններ

Գիտեմ, որ երկրպագուներս միշտ իմ կողքին են, սիրում են ինձ, ունեմ պլաններ. ԱՄՆ-ում և այլ տեղերում համերգներ կունենամ: Երկրորդ ալբոմս վերջերս եմ ներկայացրել, մեկ տարի է արդեն, այլ աշխատանքներ էլ ունեմ, նոր երգեր, տեսահոլովակներ, հուսամ կիրականան: Սեպտեմբերի 24-ին էլ որպես հյուր կմասնակցեմ իմ ընկեր, պրոդյուսեր Մաժակ Թոշիկյանի համերգին:
Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի
 Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Yorumlar kapatıldı.