İçeriğe geçmek için "Enter"a basın

Սասուն 1894 . ապստամբությու՞ն, թե՞…

Սոֆյա Հակոբյան
1894 թ. Սասունում ծավալված դեպքերի շուրջ հայկական և արտասահմանյան գրականության մեջ հանդիպում ենք երկու կարծիքի. ոմանք այն անվանում են ապստամբություն, իսկ մի շարք պատմաբաններ էլ համոզված են, որ Սասունում տեղի ունեցածը ոչ թե ապստամբություն, այլ ինքնապաշտպանություն էր: Ես այն նախընտրում եմ անվանել դիմադրություն:

«Սասնա ազգագություն» գրքի հեղինակ Վարդան Պետոյանn այն համարում է ապստամնբություն: Մինչդեռ այլ եզրակացության են տանում գիտական հոդվածներն ու գրքերը: Սյդ նույն դեպքերի վերաբերյալ Ստեփան Պողոսյանն իր «Հայոց Ցեղասպանության պատմություն» հատորի մեջ Սասունի դեպքերին նվիրված հատուկ բաժնում հայտնում է այն միտքը, որ Սասունի 1894թ. կռիվները ոչ թե ապստամբություն, այլ ինքնապաշտպանություն էին:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն էլ իր հերթին «Օսմանյան կայսրությունում 1890 թթ. կեսերին հայկական կոտորածների գիտական գնահատականի հարցի շուրջ» իր հոդվածում նշում է շատ կարևոր մի փաստ. «Այս ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նախատեսվել է դաժան կոտորածներ իրականացնել հայ ազգաբնակչության դեմ այն պարագայում, երբ գոյություն չի ունեցել թուրքական իշխանությունների դեմ զանգվածային ընդվզման որևէ դեպք:
Թվում է, թե մեկ բառի փոփոխությունը մեծ դեր խաղալ չի կարող, ի վերջո կարևորը բուն երևույթն է և այն փաստը, որ կոտորվել են բազմաթիվ մարդիկ, սակայն «ապստամբություն» և «ինքնապաշտպանություն» բառերի միջև ճիշտ ընտրությունը ավելի քան կարևոր է: Այո՛, Սասունը հայտնի է իր անվախ, ապստամբ հայորդիներով, որոնք միշտ պայքարել են օտար լծի դեմ և պահպանել կիսանկախ վիճակն նույնիսկ Օսմանյան կայսրության տարիներին: Որոշ հեղինակներ անգամ հպարտությամբ են նշում «ապստամբություն» բառը: Սակայն….
Այն, որ հայերը ոչ թե պաշտպանվել, այլ խռովություն են բարձրացրել և երկրի ներսում թիկունքից հարվածել օսմանցիներին, պնդում են ոչ միայն պալատական թուրք պատմաբանները. դրա վերաբերյալ լուրջ քարոզչական աշխատանքներ են տարվել նաև հենց Արևմտյան Հայաստանի գավառներում՝ մահմեդական բնակիչների շրջանում: Այդպես, օրինակ, մեծանուն հայ ֆիդահապետ Գևորգ Չաուշի ծննդավայր Սասունի Մկտենք գյուղում ապրող քրդերն այսօր էլ ոգևորված պատմում են, թե Գևորգը ռուսների կողմից է կռվել ու անգամ մեծ դրամական պարգևներ ստացել:
Ահա թե ինչպիսի նշանակություն ունի ապտամբության և ինքնապաշտպանության միջև հստակություն մտցնելն ու դա հաստատելը: Երբեմն հայ հեղինակները նույնպես, հաճախ անզգուշության կամ խնդիրը մանրակրկիտ չուսումնասիրելու պատճառով, նշում են «ապստամբություն» բառը և այդպիսով ջուր լցնում թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին:
Որպեսզի բացահայտենք Սասունում հայերի և մահմեդականների միջև կռիվների ակունքները, նախ պետք է 1894թվականից մի փոքր ետ գնանք:
Իրականում այս կռիվներն ունեն շատ ավելի երկար տարիների պատմություն. դեռևս 1860-ական թթ. Սասունում բախումներ են եղել խիյանցի և բագրանցի քրդերի ու հայերի միջև: Կռիվը ծագել էր այն պատճառով, որ քրդերը սովորության համաձայն փախցրել էին հայերի անասունների հոտերը: 800 քրդի դեմ կռվող 50 հայ տղամարդ կարողանում է ետ բերել իրենց հոտը: Այնուհետև 1877թ. Սասունի Շենիկ գյուղում տեղի է ունենում վիճաբանություն այն բանից հետո, երբ քրդերը հայերի տանը ճաշելուց հետո չեն վերադարձնում նրանց գդալները, ինչը համարվում էր ցուցադրական արհամարհանքի նշան: Այս միջադեպը հայերի և քրդերի միջև առիթ է դառնում մի քանի ամսվա կռիվների: Նմանատիպ բախումներ են լինում նաև Մըջգեղ, Բերմ, Սեմալ , Քաղքիկ գյուղերում: Իրավիճակը հաճախ էր լարվում Տալվորիկի գյուղերում: Անշուշտ, նման վերաբերմունք հայերի նկատմամբ կար բոլոր հայկական գավառներում, սակայն Սասունում նման դեպքերը հաճախ էին կռվով ավարտվում, քանի որ, ինչպես Հաջի Ղազարն է նշում, «Քուրդ և տաճիկ անոնցմե կվախնան: Եթե անոնցմե զմին քրդերը զարնեն սպանեն, սասունցի հայերը մեկի տեղ հիսուն քուրդ կջարդեն»:
Քրդերի հետ տեղական անհամաձայնություններից զատ՝ Սասունում աճում էր դժգոհությունը կառավարության դեմ: Եւ սա սկսվել էր ավելի վաղ, քան 1890-ականների ջարդերը: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Բաղդատից և Դիարբեքիրից դուրս եկող թուրքական զորքն անցավ Տարոնով և մատակարարվեց հայերի հաշվին: Հայերը, ովքեր պարտավոր էին կերակրել թուրք զինվորներին, բողոքում էին ծանր հարկերից, իսկ հիմա էլ ամեն հայ ընտանիք ստիպված էր կերակրել 5-20 զինվորի: Նրանց խոստացվեց, որ այդ ծախսերը կհանվեն հարկերի հաշվից, սակայն այդպես չեղավ: Նույնը կրկնվեց 1880 թ.: Ավելին՝ քրիստոնյաների հարկերն ավելացվեցին:
Միևնույն ժամանակ արևմտահայության շրջանում մշակութային և տնտեսական զարթոնքը նպաստում էր ազգային ինքնագիտակցության վերելքին. հայերն արդեն ավելի կրթված էին (նաև՝ գավառահայերը) և այլևս չէին հանդուրժում քուրդ ֆեոդալների և պետության կողմից շահագործումը:
Բեռլինի կենգրեսում Հայկական հարցի ծնունդով սկզբնավորվեց արդեն պետականորեն կազմակերպված հայահալած քաղաքականությունը Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում: Եւ զարմանալի չէ, որ մշտապես անհանգիստ ու հերոսական Սասունը պետք է դառնար Աբդուլ Համիդի արյունալի ծրագրի առաջին թիրախը…: Նրա «Ա՛խ Սասուն, Սասուն, կրակի բույն Սասուն, այդ կրակը հանգցնել է պետք» խոսքերն արդեն իսկ շատ հստակ ցույց են տալիս Սասունի ողբերգության բուն պատճառները:
Ինչպես տեսանք, Սասունում հայ-քարդական բախումները երկար տարիների պատմություն ունէին, և գրեթե միշտ հայերի գործողությունները մահմեդականների սադրանքների պատասխանն են եղել: Պետությունը նույնիսկ չէր միջամտում այդ կռիվներին. նրանց համար միևնույն էր՝ քանի մահմեդական կմահանար հայերի հետ հակամարտություններում: Ավելին՝ թուրքական իշխանությունները ցանկանում էին և հայերի և քրդերի թուլացում և հանգիստ հետևում էրին, թե ինչպես էին նրանք իրար արյուն խմում:
Ի՞նչ փոխվեց 1890-ականներին: Եթե մինչ այդ Սասունում հայերի և քրդերի կռիվների պատճառները միջցեղային անհամաձայնություններն էին և հաճախ անտեսվում էին պետության կողմից, ապա 1890-ականների սկզբից պետությունն սկսեց դրանցում տեսնել իր օգուտն ու դրանք ճարպկորեն օգտագործել իր քաղաքական ծրագրերն իրականացնելու գործում: Այդ ժամանակվանից ի վեր պետությունը ոչ միայն միջամտում էր հայ-քարդական հարաբերություններին, այլև պարգևատրում այն քուրդ աղաներին, ովքեր մյուսներից շատ էին հայ սպանել:
Միևնույն ժամանակ այս ամենին կրոնական հակամարտության բնույթ հաղորդելու գործում թուրքերը ջանք չխնայեցին, և անգրագետ մահմեդական բնակչության շրջանում հակաքրիստոնեական քարոզներն ավելի ակտիվացան: Ձերբակալվում էին բազմաիվ կրոնավորներ, ավերվում եկեղեցիներ, իսկ հայկական գյուղերն սկսեցին շրջապատվել ոստիկանական ջոկոտներով: Իշխանությունները որդեգրեցին մի քաղաքականություն, որի շնորհիվ կարողացան Սասունը շրջափակել մահմեդական օղակով, որը հետզհետե ավելի ու ավելի էր նեղանում: Այսպիսով՝ ստեղծված պայմանների և ծանր սոցիալական վիճակի հետևանքով բազմաթիվ սասունցիներ արտագաղթում էին Կ.Պոլիս կամ Հալեպ, իսկ նրանց ետևից թուրքական իշխանությունների հրամանով միանգամից դատարկված գյուղեր էին բերվում և բնակեցվում քրդական տարբեր աշիրեթներ Դիարբեքիրից, Բիթլիսից, Հալեպից, Բաղդատից և այլն: Հատկանշական է, որ հիմնականում աշխատում էին մահմեդականներով լցնել ոչ թե Սասունի ներսը, այլ գավառի սահմանների մոտ գտնվող գյուղերը՝ այսպիսով փակելով հայերի ելքն ու մուտքը:
Մի շարք գյուղերում հայերն սկսեցին ինքնակազմակերպվել, զենք ձեռք բերելու միջոցներ փնտրել: Ձևավորվեցին հայդուկային խմբեր:
Անգլիացի ականատես Է. Դիլոնը Կ. Պոլսում զրուցել է մի սասունցի բանվորի հետ և զրույցը հետագայում տպագրել «Daily Telegraph» թերթում.
«-Սասունից լուր ունե՞ս, Կարապե՛տ:
-Այո՛, ունեմ, էֆենդի՛, եղբայրս գրում է: Սասունում կոտորած ամեն օր պատահում է, տարբերությամբ, որ այս անգամ փոքր-ինչ ավելի ձայն հանեցինք և ուրիշ ոչինչ»:
1890 թ. սուլթանական կառավարությունը Սասունը հայտարարեց ապստամբական շրջան: Սասունի շուրջ ռազմական ուժեր կենտրոնացրն և փորձեցին դանդաղ կերպով տիրանալ գավառի կարևոր ռազմավարական դիրքերին:
Գյուղեր սկսեցին խուժել ոստիկաններ՝ «ապստամբության ղեկավարներին» գտնելու պատրվակով: Ավերվում և թալանվում էին տասնյակ գյուղեր:
1893թ. Սեմալ գյուղում ձերբակալվում է հեղափոխական գործիչ Տամատյանը:
Սակայն եթե Տամատյանի պես գործիչների գոյությամբ թուրքերը փորձում էին ապացուցել, թե Սասունում հայերը ապստամբություն էին ծրագրել: Բայց եթե հայերը պատժվել են ապստամբելու համար, ապա ինչպես է ստացվել, որ 1890-ականներին Թուրքիայում սպանվեց մոտ 300 000 հայ այն պարագայում, երբ հայ հեղափոխականների թիվը ամբողջ Թուրքիայում չէր գերազանցում 3000-ը:
Եւս մեկ կարևոր փաստ. Քրդական համիդիե գնդերը, որոնք 1890-ականներին հայկական կոտորածներում սուլթանի ամենաակտիվ գործիքն էին,կ ազմվել են մինչ 1894թ. կռիվները և անգամ մինչ հայ ֆիդայական խմբերի կազմավորումը: Ավելին՝ դեռևս 1891թ. սուլթանը Կ. Պոլիս էր հրավիրե այդ հրոսակախմբերի մի շարք հրամանատարների և զինվորական կոչումներ շնորհել նրանց: Ամենաշատ համիդեական գնդերը եղել են Մուշի սանջակում՝ 36 գունդ:
Անշուշտ, բոլոր քուրդ աղաները չէ, որ մասնակցեցին հայերի կոտորածներին: Օրինակ՝ հայ-քրդական համագործակցության շնորհիվ թուրքերը պարտության մատնվեցին Սասունի Հազրոյի շրջանում: Կան էլի մի քանի նմանատիպ օրինակներ:
1893-ից սկսվեցից Սասունի ահեղ մարտերը: Առաջին մեծ կռիվը տեղի ունեցավ հունիս ամսին Տալվորիկում: Համիդիե գնդերը զինաթափելու հայերի պահանջը մերժվելուց հետո անհաջող ավարտված բանակցություններն ազդարարեցին սպասվելիք մեծ ճակատամարտի մասին: Հայերը ժողով են գումարում և որոշում մարտական խմբեր ձևավորել: Տալվորիկցիներին օգնության են հասնում Գելիգուզան և Սեմալ գյուղերի հայերը:
Ճակատամարտին հաջորդել են խաղաղ բնակչության սարսափելի կոտորածներ, սակայն ի վերջո հայերը կարողացան հաջողության հասնել:
1894թ. գարնանը Սասուն խուժեցին 73 000 թուրքական և քրդական հրոսակախմբեր: Վատ զինված Սասունի հայերի հաջողվեց որոշ քանակությամբ զենք հայթհայթել և զինել Տալվորիկից՝ 304, Գելիգուզանից ՝ 742, Իշխանձորից՝ 176, Աղբիկից՝ 120, Սեմալից՝ 168, Ալիանքից՝ 189 հոգի:
Սասունի վրա ընդհանուր հարձակումն սկսվել է 1894թ. օգոստոսի 1-ին: Տարբեր ընդմիջումներով կռիվը տևել է մոտ մեկ ամիս: Սակայն շրջափակման մեջ գտնվող Սասունը երկար չէր կարող դիմադրել անհավասար պայքարում առանց բավականաչափ զենքի և սնունդի: Ականատեսները հիացմունքով են խոսել սասունցիների արիության մասին՝ նշելով, որ կռվել են բոլորը՝ անկախ տարիքից և սեռից:
Զինված հակամարտության ավարտից հետո սկսվեցին բնակչության կոտորածները. սրի քաշվեցին բոլոր նրանք, ոքքեր չքաշվեցին սարերը և մնացին գյուղերում: Շատ կարևոր է նշել ևս մի փաստ, որը հաճախ անտեսվում է. հայերի մեծ մասը սպանվել է ոչ թե բուն ռազմական գործողությունների, այլ դրանց հաջորդած մի քանի շաբաթների ընթացքում: Այսինքն՝ սպանվածների զգալի մասը ոչ թե պատերազմի, այլ սպանդի զոհեր են:
«Մշակ» թերթը 1894թ. նոյեմբերի համարում Սասունի կռիվները ներկայացրել է հետևյալ հաջորդականությամբ.
27 հուլիսի ՝ հարձակում Շենիկ և Սեմալ գյուղերի վրա. սպանվում է 2 հայ, 34 քուրդ:
1-2 օգոստոսի ՝ Գելիգուզանի կռիվը. սպանվում է 36 հայ, 359 քուրդ:
3 օգոստոսի՝ Անդոկում մահանում է 103 հայ, 758 թուրք և քուրդ:
13 օգոստոսի՝ Անդոկում սպանվեց 232 հայ, 681 մահմեդական:
Երկու կողմից անհայտ թվով զոհեր են եղել օգոստոսի 20-29-ի կռիվներում:
Եթե հետևենք բուն կռիվների ընթացքում սպանվածների թվքականակին, ապա պարզ կդառնա, որ անկախ անհավասար պայքարից, ռազմական գործողությունների ընթացքում պաշտպանվող հայերի մեջ զոհերը շատ չեն եղել, ավելին՝ բոլոր կռիվներում սասունցի հայերը կարողացել են ավելի շատ սպանել, քան կորցրել են: Իսկ երբ արդեն սովի մատնված ու անզեն մնացած Սասուն մտավ թուրքական զորքը, խաղաղ բնակչությունն սկսեց կոտորվել հենց այդ պահից սկսած:
Ըստ Լ .Լազարևի՝ հանցագործության գլխավոր գործող անձիք էին Զեքի, Աբդուլլահ, Թահսին, Օսման և Ֆահրի փաշաները:
Ֆ. Գրինը հրապարակել է այդ շրջանում Սասունում կամ դրա մերձակայքում գտնվող օտարերկրացիների 16 նամակները, որոնց մեջ տեղ էն գտել թե հայ փախստականների և թե թուրք զինվորների վկայությունները: Ստորև՝ վկայություններ երկու նամակից.
«Հնարավոր է որոշել սպանվածների միայն մոտավոր թիվը, քանի որ շատ դիակներ լցվել են փոսերը և ծածկվել հողով, անձրևը սրբել է այդ գերեզմանների հետքերը: Սակայն առանց կասկածի կարող ենք ասել, որ 40 գյուղ ավերված է, սպանվել է ոչ պակաս քան 16 000 մարդ» (11 նոյեմբեր,1894 թ):
«Կ.Պոլսից կեղծ հաղորդագրություն է ստացվում, թե հայերը ապստամբել են: Սուլթանական հրամանում ասված է. «Ով խնայի տղամարդկանց, կանանց կամ երեխաներին, կդավաճանի հավատի հպատակի կոչմանը»: Ամենամոտավոր հաշվարկով սպանվել է 15 000 մարդ: Որոշ թուրք զինվորներ, հավանաբար ամաչելով իրենց արարքներից, եկել և պատմել են. «Մենք ի՞նչ կարող էինք անել, մենք գործել ենք համաձայն հրամանի» (4 դեկտեմբերի, 1894 թ):
Ըստ «Նոր դար» թերթի՝ սպանվել ու վիրավորվել է մոտ 5000 թուրք զինվոր:
Կարևոր է նաև նշել, որ Սասունում հիմնականում հենց այս թվականից՝ 1894-ից է սկսվել հայերի իսլամացման գործընթացը: Սասունում մինչ օրս ապրում են այն մարդկանց ժառանգները, ովքեր մահմեդականացել են 1890-ական թթ.: Նրանց հիշողության մեջ դեռևս կենդանի են նախնիների վկայություններն այդ մասին:
«Daily News» պարբերականը 1895թ. տպագրեց Սարիղամիշից ստացված մի լուր.
«Մուշից և Բուլանըխից շարունակ գալիս են հայ փախստականներ, ովքեր ամենասոսկալի վիճակում են: Նրանք հաստատում են Սասունի կոտորածների մասին նախկինում մեր ստացված տեղեկությունները: Նրանք նաև հաստատեցին, որ իրենց ազգականներից շատերը հարկադրված իսլամ են ընդունել»:
Թեև կոտորածից հետո անխուսափելի էր հայերի արտագաղթը Սասունից, սակայն սասունցիներից շատերը կամ մի քանի տարի անց իրենց թաքստոց ծառայող լեռներից գյուղեր իջնելով նորից շինեցին իրենց տներն ու շարունակեցին ապրել Սասունում, կամ էլ գաղթելով՝ հետո կրկին վերադարձան Սասուն (Հիմնական ուղղություններն էին Մուշը, Կ. Պոլիսը, Սիրիան, նաև՝ Արևմելյան Հայաստանի այլ բնակավայրերը): Զգալի թվով սասունցիներ էլ տարիներին հեռացան անվերադարձ:
Սակայն ինչպե՞ս ստացվեց, որ անգամ առանց բավարար զենք ունենալու՝ քրդերին և թուրքերին ծանր կորուստներ պատճած սասունցիների դիմադրությունը հաջողվեց ճնշել: Բացի այնպիսի խնդիրներից, ինչպիսիք էին շրջափակման մեջ հայտնվելուց շաբաթներ անց վրա հասած սովն ու զենքի պակասությունը, Սասունի դիմադրության անկումն ուներ մի շարք այլ պատճառներ: Ինչպես իրավացիորեն նշում է Ստեփան Պողոսյանը, «Փոքր դեր չխաղացին նաև արևմտահայության ներքին հակասությունները՝ սոցիալական, (բուրժուազիա և գյուղացիություն), տարածքային (գավառահայություն և պոլսահայություն), կրոնական (Առաքելական եկեղեցի, կաթոլիկներ, բողոքականներ), այսինքն՝ մի իրավիճակ, որը թույլ չէր տալիս ընդհանուր մոտեցումներ ձևավորել համազգային բարդ խնդիրներում»:
Մեծ տերությունների ճնշման տակ սուլթանական կառավարությունը կազմեց հետաքննիչ հանձնաժողով, որը պետք է քններ Սասունի դեպքերը: Հանձնաժողովը կազմված էր Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից: Հետաքննությանը հետևում էին արևմտյան մի շարք լրատվամիջոցներ: «Kolner Zeitung»-ը գրեց. «Նրանք անցան բազմաթիվ ավերված գյուղերով: Պատվիրակներն ստուգեցին և համոզվեցին, որ հայերի պատմածները ճիշտ են:
«Տարազ» թերթը գրում է, որ քննիչ հանձնաժողովը Սասունում շատ կարևոր գազանություններ է բացահայտել, սակայն բժիշկ-փորձագետների և թարգմանիչների բացակայության պատճառով դժվարությունների է հանդիպել:
Բազմաթիվ քուրդ ցեղապետեր պատրաստակամություն էին հայտնել ցույց տալ պետության կողմից իրենց ուղարկված՝ կոտորածի հրամանները, սակայն պայմանով, որ իրենց անունը գաղտնի կպահվի:
Քննելով Սասունի կոտորածները՝ հանձնաժողովի անդամներ Ս. Վիլբերը, Մ. Պրժևալսկին, Հ. Շամփլեյը կազմեցին տեղեկագիր, որում գրված էր. «Սասունի Շենիկ, Սեմալ, Գելիգուզան գյուղերն ու Տալվորիկի ամբողջ շրջանը ավերված են, բնակչությունը թողնված է առանց ծածկի: Մի ողջ շրջանի ամբողջական ամայացումը չի կարող դիտվել որպես պատժամիջոց, անգամ եթե ապստամբություն տեղի ունեցած լիներ»:
Նույն հետաքննիչ հանձնաժողովն ավելի ուշ ներկայացրեց զեկուցագիր, որում նշված է. «Փաստերն ամենևին չեն ապացուցում, որ Սասունում հայերը ապստամբություն են բարձրացրել»:
Զեկուցագրում նաև հատուկ նշված էր, որ ռազմական գործողությունների ընթաքում, նույնիսկ ամենակատաղի մարտերում հայերի կորուստները քիչ էին, և որ նրանք ոչնչացվեցին ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպված կոտորածներ ժամանակ: Տալվորիկի 11 գյուղացիներից բացի՝ այլ հայ ռազմագերիներ չեն եղել: Անշուշտ, այս հնչեղ զեկուցագիրը պիտանի եղավ միայն մի քանի դիվանագետների ելույթների և լրատվամիջողցների համար, ինչը, սակայն, ոչինչ չփոխեց,,ավելին՝ չնպաստեց Սասունում և ամբողջ Արևմտյան Հայաստանում հայերի հետագա կոտորածների կանխմանը:
Աղբյուրներ
Ստեփան Պողոսյան, «Հայոց ցեղասպանության պատմություն»
Ստեփան Պողոսյան, «Քրդերը և հայկական հարցը»
Ռուբեն, «Հայ հեղափոխականի մը հիշատակները»
Լազարև, «Թուրքիայում հայերի ողբերգության պատճառներն ու Սասունի կոտորածների պատասխանատվությունը»
Ռուբեն Սաֆրաստյան, «Օսմանյան կայսրությունում 1890 թթ. կեսերին հայկական կոտորածների գիտական գնահատականի հարցի շուրջ»
Սաիթ Չեթինողլու, «1894-96 թթ. հայկական կոտորածների մասին տեղեկագիր»
Ջ.,Էրարսլան, «Սասունի ապստամբությունից հետո Օսմանյան կառավարության վարած քաղաքականությունն ու սոցիալական խնդիրները»
Անդրանիկ Չելեպյան, «Զորավար Անդրանիկ»

Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: