İçeriğe geçmek için "Enter"a basın

Պատրիարքի կենդանության օրոք չի կարելի նոր պատրիարք ընտրել. հայ քաղաքացու նամակը՝ Թուրքիայի փոխվարչապետին

Թուրքիայի հայ քաղաքացի Մուրաթ Բեբիրօղլուն բաց նամակ է ուղարկել փոխվարչապետ Բյուլենթ Արընչին՝ դեմ արտահայտվելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրելու նախաձեռնությանը։ Այս մասին գրում է «Հայթերթը»։

Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Արընչին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով քննարկվում է նոր պատրիարք ընտրելու հարցը։ Սակայն մի կարևոր հանգամանք կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել։

Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների և ավանդույթների՝ պատրիարքին իր կենդանության օրոք չեն փոխում, եթե նա չի հրաժարվում այդ պաշտոնից։ Պատմության ողջ ընթացքում ոչ մի հայ պատրիարքից կամ կաթողիկոսից այդ պաշտոնը չեն վերցրել։ Ուստի, ստեղծված պայմաններում ընդունելի է միմիայն աթոռակից պատրիարքի ընտրությունը, որն իրենից ենթադրում է երկու պատրիարքների միաժամանակյա պաշտոնավարումը մինչև մեկի վախճանը, իսկ դրանից հետո մյուսն ինքնաբերաբար դառնում է պատրիարք»։
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի ծանր հիվանդ է, ինչի պատճառով հիվանդանոցում բժիշկների մշտական խնամքի տակ է: Նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների՝ երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ընտրությունների հետ կապված զարգացումները Ստամբուլի հայ համայնքի շրջանում տարաձայնությունների պատճառ են դարձել:
Ստամբուլի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ քննադատում են Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որը հայտնի է թուրքական իշխանական շրջանակների հետ լավ հարաբերություններով: Հայ համայնքում պահանջում են, որպեսզի հարգվեն պատրիարքարանի օրենքները, ըստ որոնց` պատրիարքը կառավարում է ցմահ, ուստի չեն ցանկանում Մեսրոպ Երկրորդի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրել:


Yorumlar kapatıldı.

%d blogcu bunu beğendi: