İçeriğe geçmek için "Enter"a basın

2015թ. ապրիլի 24-ը հռչակել են «Ընթերցանության համաշխարհային օր» Բեռլինում

Varuzhan Voskanian  ,,Շշուկների մատյանը,,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Բեռլինի Միջազգային գրական փառատոնը և Պոտսդամի Լեփսիուսի տան 2015թ. ապրիլի 24-ը հռչակել են «Ընթերցանության համաշխարհային օր» և կընթերցեն հայ մեծերի ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանրությանը կներկայացվեն հատվածներ Դանիել Վարուժանի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Զապել Եսայանի, Եղիշե Չարենցի, Հակոբ Մնձուրու, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Սիլվա Կապուտիկյանի, Հրանտ Դինքի, ինչպես նաև Վիլյամ Սարոյանի ու Վարուժան Ոսկանյանի գործերից:

Նախաձեռնությանը միացել են գրականության Նոբելյան մրցանակակիրներ Օրհան Փամուկը, Հերթա Մյուլլերը, Էլֆրիդե Յելինեկը, Մարիո Վերգաս Լոսան, Ջոն Մ. Կուտսին, ինչպես նաև մշակույթի և գրականության համաշխարհային այլ անուններ` Նոամ Չոմսկին, Նորման Մանեան, Դավիդ Գրոսմանը, Բեռնարդ Նոելը, Մայքլ Օնդաչեն, Էլիֆ Շաֆակը:
«Հարյուրավոր հայ մտավորականներ` բանաստեղծներ, երաժիշտներ, պատգամավորներ և հոգևորականներ, 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում և քշվեցին Թուրքիայի խորքերը, որտեղ նրանց մեծամասնությունը սպանվեց: Դա եղավ մարդկության դեմ ոճրագործության նախերգանքը: Հայոց ցեղասպանությունը, որ տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, արդի դարաշրջանի առաջին ծրագրված և մեթոդաբար իրագործված ցեղասպանությունն է», – ասվում է կազմակերպիչների տարածած համատեղ կոչում:
«Այսօր թուրք քաղաքական դասը շարունակում է ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը, չնայած շուրջ մեկ դար հաստատված ակնհայտ փաստին: Հնդիկ գրող Արունդհատի Ռոյը այս սկանդալային երևույթի մասին էր հիշեցնում 2009թ. Բեռլինի Միջազգային գրական փառատոնի ժամանակ: 1915թ. և հաջորդող տարիներին անհաշիվ հայ ձայներ մատնվեցին լռության: Ուրիշներն ավելի զորեղ եղան և հանդես եկան մոռացության դեմ, որոնց մեջ գնալով ավելի շատ ձայներ թուրք քաղաքական հասարակության միջից: Ի հիշատակ զոհերի և միանալով ցեղասպանության միջազգային անաչման պահանջին` կոչ ենք անում 2015թ. ապրիլի 24-ին հայ գրողների տեքստերի համաշխարհային ընթերցման»,- նշվում է Բեռլինի Միջազգային գրական փառատոնի և Պոտսդամի Լեփսիուսի տան համատեղ հայտարարության մեջ:
Իսկ ռումինական «Պոլիրոմ» հրատարակչությունը հայտնում է, թե համաշխարհային ընթերցումների մեջ կենտրոնական տեղ է հատկացված Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպին, որից ներկայացվելու են 7-րդ և 8-րդ գլուխները, ուր պատմվում է աքսորի և մահվան յոթ օղակների մասին: «Պոլիրոմը» հիշեցնում է, որ 2009թ. ռումիներեն հրատարակությունից ի վեր «Շշուկների մատյանը» թարգմանվել է աշխարհի մոտ երկու տասնյակ լեզուներով և արժանացել բազմաթիվ գրական մրցանակների:

http://orer.eu/2015%D5%A9-%D5%A1%D5%BA%D6%80%D5%AB%D5%AC%D5%AB-24-%D5%A8-%D5%B0%D5%BC%D5%B9%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1/

Yorumlar kapatıldı.