İçeriğe geçmek için "Enter"a basın

Ֆրանսիայի Լուսինյան քաղաքում օծվեց խաչքար

Դեկտեմբերի 13–ին Ֆրանսիայի Պուատիե նահանգի Լուսինյան քաղաքում տեղի ունեցավ Հայոց վերջին թագավոր Լևոն V-Ի (հայկական պատմագրության մեջ հիշատակվում է նաև որպես Լևոն VI), Ֆրանսաիայի ազատության հանար ընկած մարտիկների  և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացման և օծման արարողություն, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը։

Հանդիսությանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժան–Միշել Կլեմանը, Պուատիեի նահանգային խորհրդի նախագահ Քլոդ Բերթոն, Լուսինյանի քաղաքաքապետ Ռենե Ժիբոն, Ֆրանսիայից ու հարակից երկրներից ժամանած հարյուրավոր հայեր, հյուրեր։

 Հայկական տուֆից քանդակված խաչքարը տեղադրվեց Լուսինյանի քաղաքապետարանի, «Արարատ» ասոցիացիայի, «Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադիրների ասոցիացիայի» և Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի համատեղ ջանքերով, իսկ օծման կարգը կատարվեց Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից, աղոթեց նաև Եվրասիայի Հայ Ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը։ Այնուհետև ծաղկեպսակ դրվեց խաչքարի մոտ:

Իրենց ողջույնի խոսքում Ժան–Միշել Կլեմանը և Քլոդ Բերթոն բարձր գնահատեցին հայ համայնքի դերը Ֆրանսիայի կյանքում, հայ–ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։ Քաղաքապետ Ռենե Ժիբոն նշեց, որ Լուսինյանը հայկական արմատներով ֆրանսիական քաղաք է, որտեղ այցելող հայերը այսուհետ իրենց պետք է տանը զգան։
Նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով և խորհրդանշական համարելով խաչքարի տեղադրումը Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, նշեց,- «Պահը պատմական է, բարոյական է, քաղաքական է և ազգային է։ Քաղաքի այցելուին Խաչքարը կհիշեցնի հինգ կարևոր փաստ՝ այն, որ հայերը հազարամյակների պատմություն ու Կիլիկյան թագավորություն են ունեցել, մեր Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն V-ն է, ով իր վերջին հանգրվանն է գտել Ֆրանսիայում, խաչքարը նվիրված է նաև Ֆրանսիայի ազատագրման համար զոհված հայ մարտիկներին, ովքեր խաղաղություն, ազատություն պարգևեցին այս հրաշալի երկրին, այն մարմնավորում է հայ–ֆրանսիական դարավոր բարեկամությունը և, ի վերջո, հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ընդամենը ամիսներ հետո առաջադեմ մարդկության հետ մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը և հայտարարելու ենք` «Հիշում եմ և պահանջում»: Թուրքը պետք է իմանա, որ մենք չենք լռելու, մենք պահանջելու ենք, որ ճանաչի հայ ժողովրդի և մարդկության դեմ գործած իր աննախադեպ ոճրագործությունը, փոխհատուցի և հետևանքները վերացնի։
Խաչքարի տեղադրմանն օժանդակելու և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգևատրվեցին Անդրե Վալոտան, Անտուան Բաղդիկյանը, Լիդիա Կայմակյանը, Դանիել Արթինյանը, Երվանդ Բերբերյանը և Ֆրեդերիկ Ֆրինգյանը։
Նախարարն այցելեց քաղաքի թանգարանում բացված «Լուսինյանները և Հայաստանը» ցուցահանդես, որտեղ ներկայացված էր Լուսինյան թագավորական տոհմի ամբողջ պատմությունը։ Սփյուռքի նախարարը եղավ նաև Ֆրանսիայի ազատագրման համար մարտնչած հայ ռազմիկներին նվիրված ցուցահանդեսին։

 Այնուհետև տեղի ունեցավ Լևոն V-ին նվիրված կոնֆերանս, որտեղ  Քլոդ Մութաֆյանը հանդես եկավ «Լուսինյանները և Հայաստանը 13-14րդ դարերում» թեմայով զեկուցումով` հանգամանալից ներկայացնելով Կիլիկյան Հայաստանի պատմությունը։ Կոնֆերանսում ելույթ ունեցավ նաև Հրանուշ Հակոբյանը և բանախոսին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարաության «Մայրենիի Դեսպան» մեդալով` Հայագիտության ոլորտում իր բերած նպաստի, Հայոց լեզվի ու պատմության հանրահռչակման ու հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի համար։
Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն Լուսինյանի քաղաքապետ Ռենե Ժիբոյի անունից, որին ներկա էին շուրջ 250 հայեր։ Ազգային և ժողովրդական պարերի կատարումներով հանդես եկավ Պուատիե քաղաքի հայկական պարախումբը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Լուսինյանի քաղաքապետին քաղաքի կենտրոնում հիանալի տարածքի տրամադրման ու օժանդակության համար և բարձր գնահատելով նրա հայանպաստ գործունեությունը՝ պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով։ Հ.Հակոբյանը նաև առաջարկեց Լուսինյան քաղաքը քույրացնել Հայաստանի որևէ քաղաքի հետ, որը քաղաքապետն ընդունեց մեծ ոգևորությամբ։
Կիրակի առավոտյան նախարար Հակոբյանը և դեսպան Չիթեչյանն այցելեցին քաղաքի Մայր տաճար, որը կառուցվել է 1024թ–ին Լուսինյան տոհմի կողմից, ուր հայերեն և ֆրանսերեն լեզուներով մատուցվեց սուրբ պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի ազատագրման համար ընկած ռազմիկների, Արցախի հերոսամարտի ժամանակ զոհվածների։
Նախարարը հանդիպումներ ունեցավ Թուլուզի, Բորդոյի, Փարիզի, Պուատիեի, ինչպես նաև Նիդերլանդներից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների հետ. քննարկվեցին համայնքներում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն և ապագա անելիքները, բարձրացվեցին նաև լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց լուծման համար նախարարը պատրաստակամություն հայտնեց օժանդակություն կազմակերպել։

Yorumlar kapatıldı.