İçeriğe geçmek için "Enter"a basın

Անհրաժեշտ է կանխել այս չարիքը

Վերջին շրջանում հայկական մամուլի էջերում հաճախ տեղ են գտնում ներեկեղեցական սկանդալների, վիճահարույց խնդիրների եւ այլ անհասկանալի երեւույթների մասին ընդարձակ հոդվածներ, որոնք տարաբնույթ խոսակցությունների դուռ են բացում հասարակության մեջ: Նման ժանրին են պատկանում նաեւ որոշ եկեղեցական այրերի բաց նամակները` ուղղված Գարեգին Բ կաթողիկոսին եւ Մայր Աթոռի պաշտոնեությանը: Այս ամենը կարծես «բնական» ընթացք է ստանում, հատկապես երբ գործին միջամուխ են լինում բարձրաստիճան եկեղեցականները:

Երուսաղեմի ընտրյալ Պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի վերջին հանրայնացված նամակը` հասցեագրված Գարեգին Բ կաթողիկոսին, իր մեջ ամփոփեց եւ խտացրեց այն բոլոր քննադատություններն ու մեղադրանքները, որոնք անցած 15 տարիների ընթացքում հնչել են մամուլի զանազան հրապարակումների, տեսանյութերի եւ հարցազրույցների ժամանակ: Եվ սա արվում է Պատրիարքի ձեռամբ եւ պաշտոնական մակարդակով` նվիրապետական Աթոռի հեղինակությամբ:
Ինչպես տեղեկանում ենք հրապարակված նամակից, Նուրհան Պատրիարքը խորը վրդովմունքով եւ հիասթափությամբ ի լուր աշխարհի հայտնում է իր մտահոգությունները Գարեգին Բ կաթողիկոսի հակաօրինական գործունեության վերաբերյալ` ընդհուպ պահանջելով նրա կարգազրկումը, որպեսզի այդկերպ փրկվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամբողջական կործանումից։ Սա պարզապես ինքնաոչնչացում է Հայ Եկեղեցու ներկայիս գահակալի համար, ով նվազագույն սիրո, հարգանքի եւ վստահության չի արժանանում ոչ միայն աշխարհական հայորդիների կողմից, այլեւ հենց եկեղեցական դասի շատ ներկայացուցիչների կողմից:
Այդուհանդերձ, ոչինչ չի փոխվել այդ հրապարակումներից: Գարեգին Բ-ն շարունակում է իր ապաշնորհ եւ սանձարձակ գործունեությունը ինչպես նախկինում, այդպես էլ այսօր` չարաշահելով իր կաթողիկոսական հանգամանքը, օգտվելով ՀՀ ներկայիս «ապակրոն եւ հավատազուրկ» իշխանությունների բարձր հովանավորությունից, սնվելով բարերար-բարերարուհիների անսպառ դրամաշնորհներից, որոնց օգնությամբ էլ պարտադրում է գրեթե բոլոր եպիսկոպոսներին` անարգանքի սյունին գամելով քարկոծել ու այպանել Նուրհան Պատրիարք հորը:
Չցանկանալով խորամուխ լինել նամակում արծարծված բազում կարեւոր հարցերի մեջ` Մայր Աթոռն ընտրել է ծածկադմբոցի եւ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» հայտնի սկզբունքի ճանապարհը, որոնցով փորձում է «թուզի տերեւներով ծածկել» կաթողիկոսի «բարոյական մերկությունն ու սնանկությունը»: Չնայած ինչպես նշեցինք, Պատրիարքի մեղադրանքներն ուղղված են ինքնին Գարեգին Բ կաթողիկոսին ու նրա հակականոնական գործունեությանը, այլ ոչ թե Սուրբ Էջմիածնին, որ «մնում է ու միշտ պիտի մնա աղբյուր ներշնչման եւ հույսի»:
Այսօր փոքրիկ Հայաստանում «խորհրդային» մոլուցքով ամենուրեք, մեկը մյուսի հետեւից ստեղծվում են նոր թեմեր, տրոհվում են հները, որոնց առաջնորդները, լինելով եպիսկոպոսներ, հիմնականում զրկված են առաքելահիմն իրավունքներից։ Եպիսկոպոսներին նույնիսկ արգելված է իրենց թեմի հոգեւոր կարիքների գոհացման համար ձեռնադրել սարկավագներ ու քահանաներ` առանց կաթողիկոսի արտոնության։ Առաջնորդ եպիսկոպոսներն իրավունք չունեն իրենց թեմի բյուջեն կազմելու եւ վերահսկելու, չեն կարող նոր եկեղեցիներ կառուցելու նպատակով դրամահավաք անցկացնել, եթե նույնիսկ ունեն բարերարներ, որոնք պատրաստ են օգնելու այս կամ այն քաղաքի եկեղեցիներին, քանի որ գումարներն ամբողջությամբ պետք է փոխանցվեն Էջմիածնի կաթողիկոսարան, որտեղ էլ, ըստ կաթողիկոսի կամեցողության, տնօրինվում են այդ գումարները։
Նուրհան Պատրիարքի հաջորդ մտահոգությունը վերաբերում է մայր Հայաստանում սնկի պես աճած աղանդների սպառնալիքին, որոնք լայն տարածում են գտնում հատկապես Գարեգին Բ կաթողիկոսի «բարի ու հանդուրժող» հայացքի ներքո: Պատրիարքի այս մեղադրանքը շատ տեղին է, քանի որ եթե կաթողիկոսը «ուխտ» է արել եկեղեցական ծառայությունից հեռացնել բոլոր հավատացյալ, նվիրյալ, ուսյալ, ազնիվ եւ ծառայասեր քահանաներին, ապա բնական է, որ նրանց քարոզչության փոխարեն իրենց որոմները պետք է հասարակության մեջ ցանեն աղանդների առաջնորդները: Փաստորեն, կաթողիկոսը, լռեցնելով իր կողմից կարգազուրկ հռչակված հոգեւորականներին, դրանով ուրախացնում է աղանդավորներին` միաժամանական դյուրացնելով վերջիններիս գործը: Այստեղ հիշենք Ավետարանից այն խոսքերը, որոնցով Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին. «Իրենք չեն մտնում Երկնքի Արքայություն, իսկ մտնողներին էլ արգելում են»:
Եվ այս ամենը բնավ պատահական չէ, քանի որ տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ Գարեգին Բ-ն, լինելով մասոն եւ աթեիստ, իր առջեւ նպատակ է դրել «արմատախիլ անել Հայաստանյայց Եկեղեցու դարավոր կաղնին», մարդկանց մեջ ցամաքեցնել հավատքի ակունքը, նպաստելով նեռի ծրագրի իրականացմանը: Իր գահակալության բոլոր տարիների ընթացքում նա այդպես էլ հայ ժողովրդի համար երբեւէ չկարողացավ լինել հոգեւոր առաջնորդ եւ «Հայր ամենեցուն», ինչպես որ եղան Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը` «Հայրիկ» պատվանունով, Կոստանդնուպոլսի պատրիարք Շնորհք արք. Գալուստյանը, եւ այլոք, կամ ինչպես քույր եկեղեցիներում` Շենուդա պատրիարքը ղպտիների համար, Վրաց եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն, եւ ուրիշներ:
Նուրհան Պատրիարքի նամակում շոշափվող մյուս հարցերն առավելաբար վերաբերում են հենց իրենց` երուսաղեմցիներին: Առաջինը` Սրբոց Հակոբյանց Առաքելական Աթոռը թեմի կարգավիճակին իջեցնելու հեռագնա գաղափարի արծարծումն էր: Սա ունի մի շատ վտանգավոր կողմ: Դեռ չենք խոսում այն մասին, որ դարերով նվիրականացած Պատրիարքական Աթոռը թեմի մակարդակին իջեցնելու փորձերը պարզապես մանկամտություն կարելի է դիտել, սակայն այստեղ հարցի մյուս կողմն էլ կա: Այսկերպ կաթողիկոսը մեծ ախորժակներ ունի` իր բռի մեջ հավաքելու ողջ եկեղեցական նվիրապետությունը, որպեսզի իր միապետությունը տարածվի ոչ միայն էջմիածնական թեմերի վրա, այլեւ հնարավորության դեպքում նաեւ` Կոստանդնուպոլսի եւ Երուսաղեմի Պատրիարքությունների վրա: Իսկ սա նշանակում է` տիրանալ այնտեղի ամբողջ կալվածքներին, հարստություններին ու հեղինակությանը, ինչը շատ յուղոտ պատառ կարող է լինել Գարեգին Բ-ի համար:
Երկրորդ հարցը վերաբերում է եպիսկոպոսական ձեռնադրությանը, որի համար Երուսաղեմի Պատրիարքարանի կողմից առաջադրված թեկնածուներից մեկին մերժել է կաթողիկոսը` Գերագույն «հոգեւոր» խորհրդի անդամների շուրթերով: Ի դեպ, վերջինս Մայր Աթոռում ապօրինի մարմին է, քանի որ համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության` Գերագույն խորհրդի անդամներն ընտրվում են Ազգային-եկեղեցական ժողովի կողմից, իսկ 1999 թվականից ի վեր այդ խորհրդի անդամներին նշանակում է կաթողիկոսը` հաշվի առնելով իրեն համախոհ եւ համակիր լինելու հանգամանքը: Սա նշանակում է, որ առ այսօր Գերագույն խորհրդի ընդունած բոլոր որոշումներն ու հայտարարություններն անվավեր են եւ հակականոնագրային:
Գալով եպիսկոպոսական ձեռնադրություններին` ընդունված կարգի համաձայն, թեկնածուներին կարող է առաջադրել կա՛մ Եպիսկոպոսաց ժողովը` Սինոդը, կա՛մ էլ Միաբանական ժողովը: Եթե թեկնածուների հարցում կաթողիկոսն ունի առարկություններ կամ վերապահումներ, ապա նա պարտավոր է գրավոր կերպով պատճառաբանել դրանք` բերելով բոլոր փաստերը, հիմնավորելով եկեղեցական կանոններով: Էջմիածնում վերջին մի քանի տարիներին այս կարգն առհասարակ չի գործում: Եպիսկոպոսաց ժողովը լուր անգամ չունի, թե կաթողիկոսը որոնց է նախատեսել եպիսկոպոս ձեռնադրել: Իր հայեցողությամբ իրեն «հավատարիմ» վարդապետների է ընտրում, Գերագույն խորհրդով «հաստատել» տալիս եւ միանգամից եպիսկոպոս ձեռնադրում:
Նուրհան Պատրիարքի վրդովմունքն էլ հենց վերաբերում էր սրան, որ եթե Երուսաղեմի Միաբանական ընդհանուր ժողովն ընտրել է եպիսկոպոսացուներին, ապա կաթողիկոսի մերժման դեպքում` պետք է այն մանրակրկիտ կերպով պատճառաբանվեր: Ինչպես եպիսկոպոսության չարժանացած Պարետ ծ. վրդ. Երիցյանը, այնպես էլ Երուսաղեմի Պատրիարքարանը նամակով դիմել էին Գարեգին Բ կաթողիկոսին` խնդրելով ներկայացնել մերժման կանոնական հիմքերը: Բայց քանի որ Վեհափառի համար եկեղեցական կանոններ գոյություն չունեն, ինքը եկեղեցին ղեկավարում է իր «անձնական կանոններով» եւ երբեւէ հաշվետու չէ որեւէ մեկին, ուստի անպատասխան է թողնում վերոհիշյալ նամակները, թեեւ տարրական քաղաքավարությունը պահանջում է Էջմիածնի կաթողիկոսարանին հասցեագրված նամակներին պատասխան ուղարկել` նույնիսկ պատասխան չունենալու դեպքում:
Հայր Պարետին եպիսկոպոսության աստիճանին չբարձրացնելու պատճառներից գլխավորը Գարեգին Բ կաթողիկոսի հիշաչարությունն ու վրեժխնդրությունն է, որոնք նա ցուցաբերեց Երուսաղեմի պատրիարքի նկատմամբ: Դեռեւս անցյալ տարի Օգոստոս ամսին Պատրիարք Մանուկյանի հրապարակած բաց նամակը` ի պաշտպանություն Նորվան արք. Զաքարյանի, չէր մարսվել Գարեգին Բ-ի կողմից: Ուստի նա սպասեց հարմար պահին, որ Նուրհան Պատրիարքը կախվածության մեջ գտնվի կաթողիկոսից, եւ այդժամ նրան հակադարձի իր իշխանությունը, ավելի ճիշտ` բռնապետությունը: Այստեղ կաթողիկոսը վրիպեց իր հաշվարկի մեջ, քանի որ չէր կարող պատկերացնել Նուրհան Պատրիարքի հակազդեցությունը, այն է` հրապարակավ նրա հասցրած բարոյական ապտակները:
Առաքելական եւ Նիկիական կանոնների համաձայն` երեք եպիսկոպոս իրավունք ունեն ձեռնադրելու եպիսկոպոսներ` իրենց Աթոռի հոգեւոր կարիքների համար: Առաջարկում ենք Նուրհան արք. Մանուկյանին` օգտվել վերոհիշյալ կանոններից եւ Էջմիածնից անկախաբար կատարել եպիսկոպոսական ձեռնադրություններ: Երուսաղեմի պատմությունից հայտնի է նաեւ, որ ժամանակին Եղիազար Այնթափցի Պատրիարքը մինչեւ անգամ Սուրբ Մյուռոն է օրհնել Երուսաղեմում` Սուրբ Էջմիածնի անունով կառուցված խորանում: Ապա Երուսաղեմ-Էջմիածին պառակտումը հարթելու նպատակով Էջմիածնի Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի մահից հետո Եղիազար Ա Այնթափցուն բազմեցնում են Լուսավորչի գահին:
Նուրհան Պատրիարքի աղմկահարույց նամակի գործնական դրսեւորումներից մեկն էլ կլինի այն, որ Երուսաղեմի Պատրիարքության սահմաններում հոգեւոր ծառայության կամ գեթ գիտամանկավարժական գործունեության առիթ տրվի Գարեգին Բ կաթողիկոսի կողմից անարդար եւ ապօրեն կերպով կարգազրկված հոգեւորականներին: Վերջինս մահացու հարված կլինի կաթողիկոսի համար, ինչը սառը ցնցուղի պես կարող է սթափեցնող լինել նաեւ Եպիսկոպոսաց դասի համար: Հայազգի բարերարներն էլ իրենց հերթին պետք է գիտակցեն, որ Լուսավորչի գահը բռնազավթված է Ներսիսյան եղբայրների կողմից: Ուստի Հայ եկեղեցու պայծառացումը, բարգավաճումն ու շենացումը հնարավոր է միմիայն Գարեգին Բ-ի գահընկեցությամբ կամ աթոռազրկությամբ: Այլապես, ներկայիս տեմպերով Հայ Առաքելական Եկեղեցին հասնում է վերջնական կործանման` գահավիժելով դեպի անդունդ։ Անհապաղ անհրաժեշտ է կանխել այս արագընթաց  չարիքը:
Եկեղեցական վերոհիշյալ անցուդարձերին դատապարտելի լռությամբ հետեւում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը: Խելամիտ կլիներ, եթե Արամ Ա կաթողիկոսը հանդես գար հաշտության կոչով` միշտ պաշտպանելով ճշմարտությունը: Հարցն այն չէ, որ Նուրհան պատրիարքը եւ Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի դպրեվանքում դասընկերներ են եղել, այլ խնդիրն ավելի քան լուրջ է, որը վերաբերում է Հայ եկեղեցու հեղինակությանը: Կոչ ենք անում Հայ եկեղեցու բոլոր զավակներին` այս դժվարին պահերին ցուցաբերել ողջամտություն եւ միահամուռ ուժերով փրկել եկեղեցական կյանքը ներսիսյան «ախտավարակ» ու անբուժելի քաղցկեղից:
Հայ եկեղեցու ապագայով մտահոգված մի խումբ հոգեւորական եւ աշխարհական զավակներ

Yorumlar kapatıldı.