İçeriğe geçmek için "Enter"a basın

«Հայկական վերածնունդ» շարժման հաղորդագրությունը

 2014 թ. սեպտեմբերի 5-7-ը Փարիզում կայացավ «Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը, որին մասնակցեցին «Հայկական վերածնունդ» շարժման ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի և Լիբանանի մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Նախախորհրդարանի ներկայացուցիչները:

Ժողովը քննարկեց Հայաստանի և հայության ներկա  իրավիճակի արտակարգությունը  ևդրա հաղթահարման հնարավոր ուղիները:
Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին Հայաստանը և հայությունը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման ու հայ ժողովրդի անօտարելի իրավունքների վերատիրացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց ապահովելու փոխարեն հայտնվել են իրենց գոյությանն սպառնացող արտակարգ իրավիճակում:
Այդ արտակարգ իրավիճակը դրսևորվում է ազգի և պետության արտաքին ու ներքին գործունեության գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկած համակարգային ճգնաժամով:
Արտաքին ասպարեզում Հայաստանը չի կայացել որպես միջազգային հարաբերությունների դե ֆակտո սուբյեկտ: Այդ պատճառով հայկական պետությունը հայտնվել է այնպիսի գործընթացների հորձանուտում, որը հղի է ինքնիշխանության վերջնական կորստյամբ, ինչպես նաև Հայաստանից Արցախի տարանջատմամբ ու հետագա օտարմամբ:
Բացի այդ՝ Հայաստանի այսօրվա պաշտպանական հզորությունը  բավարար չէ  արագ տեմպերով ապակայունացող տարածաշրջանում ձևավորված և օրեցօր հզորացող ծայրահեղական ուժերի, ինչպես նաև իր ավանդական հակառակորդների հավանական ոտնձգություններին դիմագրավելու համար, հատկապես, եթե դրանք տեղի ունենան միաժամանակ:
Ներքին ասպարեզում իրավիճակն առաջին հերթին բնութագրվում է երկրի մարդկային ու բնական միջավայրերի անապատացմամբ: Մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը երկիրը զրկում է կենսունակության ներուժից, իսկ բնական ռեսուրսների անխնա և գիշատչական սպառումը նրա տարածքը վերածում է կյանքի հետ անհամատեղելի միջավայրի:
Այս ամենը հետևանք է Հայաստանում հաստատված նորգաղութային տիրապետության և ժողովրդի իշխանության յուրացման, ինչն ուղեկցվում է պետական կառավարման լիակատար և ամբողջական ձախողմամբ, արհեստավարժության բացակայությամբ, իրավունքի, արդարության և ժողովրդավարության համատարած ոտնահարմամբ, ինչպես նաև աղետալի խորության ու ծավալների հասնող համընդհանուր կոռուպցիայով:
Այս ամենի հետևանքով Սփյուռքը կորցնում է Հայրենիքի հետ կապն ու գոյատևման շարժառիթները և էլ ավելի ահագնացող տեմպերով ուծանում է:
Միևնույն ժամանակ, որքան էլ իրավիճակն ահազանգային է, Հայաստանը և հայությունըդեռևս ունեն այն հաղթահարելու և միանգամայն նոր որակի պետություն ու ազգային կազմակերպվածություն ստեղծելու ուժեր և միջոցներ:
«Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը` հաշվի առնելով այդ ուժերի և միջոցների սպառման տեմպերը, ինչպես նաև դրանց և արտաքին ու ներքին մարտահրավերների ոչ նպաստավոր հարաբերակցությունը, անհրաժեշտ է համարում եղած ուժերն ու միջոցները անհապաղ զորաշարժի ենթարկել՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում հաստատված ապօրինի ու ապազգային ռեժիմին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հեռացնելու և երկրում ժողովրդի կամքն ու իշխանությունը վերահաստատելու գործընթացին, որպեսզի հնարավոր լինի պետականորեն կազմակերպել համազգային ներուժն ու այն գործադրել վերահաս աղետից խուսափելու համար:
 Փարիզ 10/09/2014

Yorumlar kapatıldı.