İçeriğe geçmek için "Enter"a basın

«ԿԻԼԻԿԻԱ»Ն ՊՏՈՅՏ ԿԱՏԱրԵՑ ԵՒրՈՊԱՅԻ շՈՒրՋԸ

ԵՒ ՍԱ ԱՌԱՋԻՆ ԴԷՊՔՆ Է ԱշԽԱրհՈՒՄ
«Կիլիկիա»ի նաւախելի յետեւում մնաց վերջին (7րդ)՝ Ազովի ծովը: Քերչի նեղուցն անցնելով՝ հայկական առագաստանաւը կրկին դուրս եկաւ Սեւ ծով: շուտով, համընթաց քամու պայմաններում նաւը հատեց պայմանական այն նաւարկուղու պայմանական գիծը, որով 754 օր առաջ (2004 Յուլիսի 30ին) շարժուել էր դէպի ովկիանոս եւ նոր ծովեր: հէնց այդ վայրում նաւի վրայ հնչեց «բոլորը դէպի վեր» հրամանը: Մենք պարզապէս պարտաւոր էինք յարգել ծովային աւանդոյթը՝ նշելով մի ամբողջ երեւոյթ դարձած իրադարձութիւնը: Նախ եւ առաջ մենք պէտք է միմեանց եւ մեր ժողովրդին խոստովանէինք, որ նպատակն իրագործուած է: «Կիլիկիա»ն պտոյտ կատարեց հին աշխարհի՝ Եւրոպայի շուրջը: Ահա ծովային նաւարկութեան պատմութեան նորոյթը կազմող աշխարհագրական բաղադրիչները. Սեւ ծով, Վոսփոր, Մարմարա ծով, Տարտանէլ, Միջերկրական ծով (սեփական 10 ծովերով), Ճիպրալթար, Ատլանտեան ովկիանոս, Մանշ, Փա տը Քալէ, հիւսիսային ծով, Քիլի ջրանցք, Պալթիք ծով, Նեւա գետ, Լատոկա, Օնեկա եւ Պելոյէ լճեր, Վոլկա-Փալթիքա ջրուղի, Վոլկա, Վոլկա-Տոն ջրանցք, Տոն, Ազովի ծով, Քերչի նեղուց, Սեւ ծով: Եւ այստեղ շրջանը փակուեց:

Մենք մեզ թոյլ էինք տալիս հեգնել՝ Եւրոպան անուանելով արդէն ոչ թէ ինչ-որ թերակղզի, այլ՝ կղզի (թէեւ այս կատակի մեջ ճշմարտութեան մեծ բաժին կայ, քանզի գիտական բնորոշման համաձայն, կղզին բոլոր կողմերից ջրերով շրջապատուած ցամաքն է): Այն աստիճան կատակեցինք, որ որոշեցինք այսուհետեւ Եւրոպան, ինչպէս նաեւ Ասիան անուանել ոչ թէ աշխարհամասեր, այլ՝ մայրցամաքներ: Իսկ հերթափոխի կատակասէր պետ հայկ Բադալեանը եւ ոչ պակաս կատակասէր խոհարար Սամուէլ Սարգսեանը գտնում են, որ այսուհետեւ հարկաւոր է չեղեալ յայտարարել Եւրասիա անուանումը, որը սխալմամբ համարում են Երկրի ամենամեծ մայրցամաքը:

Սակայն ամէնից շատ հէնց «Կիլիկիա»ն էր ուրախանում մեր անսպառ կատակներից: Նաւի համար որեւէ նշանակութիւն չունէր, թէ մարդկութիւնը վաղուանից ինչպէս կ՛անուանի Եւրոպան եւ Ասիան: Նրա համար անհամեմատ կարեւոր էր այն, որ ինքը շարժւում էր արդէն շատ ծանօթ ուղիով, որն ակնյայտօրէն տուն է հասցնելու իրեն: Մենք համաձայն ենք նրա հետ, բայց ընդսմին չենք դադարում միմեանց խոստովանել, որ նպատակն իրագործուած է:

ԱՒԵԼԻՆ, ՔԱՆ ԵրԱԶԱՆՔԸ

Կարծում եմ, եթԷ «Կիլիկիա»ն նաւարկութիւնն աւարտէր ասենք Ս. Ղազար կղզում եւ այնտեղից քարշանաւով տուն դառնար, ապա դարձեալ կը կարողանայինք համարձակօրէն ասել, որ աշխարհին ցուցադրել ենք նաւարկելու մեր վաղեմի աւանդոյթները: Բայց համոզուած եմ, որ դա կը լինէր անազնուութիւն: Նախ այն պատճառով, որ դեռ Վենետիկ, այսինքն Ս. Ղազար հայկական կղզի հասնելուց շատ առաջ մենք հասկացել էինք, որ ամէն ինչ յաջողուել է: Երկրորդ, մենք մեզ երբեք չէինք ների, եթէ հայկական միջնադարեան առագաստանաւերի այս պատմական նմանակերտուածքը, մեր նախնիների այս պատմական վերյուշը տուն վերադառնար քարշանաւով: Իսկ անցած ուղիով վերադառնալ թոյլ չէին տալիս ոչ այնքան նաւաստիների, որքան ճանապարհորդների աւանդոյթները: Ծրագրում էինք տուն հասնել միանգամից երկու խնդիր լուծած՝ լիովին կրկնել կիլիկեցի վաճառականների ու նաւաստիների երթուղին (մինչեւ Ամսթերտամ) եւ տուն վերադառնալ ուրիշ ճանապարհով: Բացառութիւն է կազմում միայն այլընտրանք չունեցող հատուածը, ասենք՝ Նովոռոսիյսկ-Փոթի երթուղին: Եւ ահա այսօր նաւն Ազովի ծովում է, որը մեր 7րդ ծովն է:

Ի դէպ, ծովերի թուի մասին: Երբ 2004 թ. Կարէն Բալայեանի հետ բուն գիտարշաւի անուան մասին էինք մտածում, ունէինք զանազան տարբերակներ: Ի վերջոյ ընտրեցինք «Կիլիկիա». նաւարկութիւն 7 ծովերով» տարբերակը: Խօսքը Սեւ, Մարմարա, Միջերկրական ծովերի, Ատլանտեան ովկիանոսի եւ Պիսքայան ծոցի, հիւսիսային, Պալթիք եւ Ազովի ծովերի մասին է:

հին Ռուսիայում վերջինս կոչւում էր Սուրոժեան ծով: Ազովի ծովի միջին խորութիւնն ընդամէնը 15 մ. է: Այնպէս որ, չարժէ դուրս գալ նաւարկուղու սահմաններից: Տուեալ ծովի նենգութիւնն այն է, որ ծանծաղութեան պատճառով ալիքները գոյանում են շատ կարճ ժամանակամիջոցում: Ես եւ քամչաթքացի ընկերներս՝ Վալենթին Սալնիքովը եւ Վալենթին Կաւրիլինը, դրանում քանիցս համոզուեցինք 1967 թ., երբ նաւարկում էինք «Վուլքան» եւ «Կէյզէր» փոքրիկ ինքնաշէն նաւակներով:

հայ նաւաստիները Խրիմի թերակղզու հարաւային ափերից Քերչի նեղուցով մտնում էին Ազովի ծով: Այդ արշաւանքները յաճախակի դարձան յատկապէս այն բանից յետոյ, երբ Եկատերինա Բ. կայսրուհին բազմաթիւ հայերի Տոն տեղափոխեց Խրիմի հարաւային ափից, որը դեռ միջնադարում անուանում էին Ծովային հայաստան: «հայերը եւ ծովերը» թեման հետազօտող Խաչատուր Դադաեանը իր գիտական աշխատութեան մէջ գրում է. «11-13րդ դդ. օտարերկրացի տարեգիրները Խրիմն անուանում էին Ծովային հայաստան (Armenia Maritima), բայց դա բնաւ չի նշանակում, թէ Խրիմը պատկանում էր հայերին»: Յիշեցնենք, որ այդ ժամանակաշրջանում Խրիմը պատկանում էր Ճենովայի հանրապետութեանը: Խորհրդային ժամանակներում հրատարակուած քարտէսներից մէկում Սուտակի ծովախորշից մինչեւ Թէոդոսիայի ծոցն ընկած ամբողջ ափը կոչւում է Ծովային հայաստան: Բաւական է յիշեցնել, որ Խրիմում կանգուն է համաշխարհային տաճարային ճարտարապետութեան գլուխ-գործոց Ս. Խաչը (1338 թ.): Այստեղ են նաեւ Առաքելոց եկեղեցին (1408), 12 Առաքեալների տաճարը (1356 թ.), Յովհաննէս Մկրտիչ եկեղեցին (1348 թ.): Բաւական է նաեւ յիշեցնել, որ այստեղ են ծնուել ծովակալ Լազար Սերեպրաքովը (Արծաթագործեան), նկարիչ Յովհաննէս Այվազովսկին, յօրինող Ալեքսանդր Սպենդիարեանը եւ տասնեակ այլ նշանաւոր մարդիկ:

Մենք յաճախ եւ պարտքի բերումով երազել ենք Ազովի մասին: Բայց հիմա մեր երազանքի տէրերը դառնալով՝ արդէն մտածում ենք այն պահի մասին, երբ «Կիլիկիա»ն, անցնելով երազանքի ծովը եւ Քերչի նեղուցի 20 մղոնները, կրկին դուրս կը գայ Սեւ ծով: Բայց դա արդէն կը լինի աւելին, քան երազանքը:

ԶՕրԻ ԲԱԼԱՅԵԱՆ

Yorumlar kapatıldı.